Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն մարտի 15-ին ժամը 13:00-ի սահմաններում շտապ տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ինքը՝ Շամշյանը, նախնական ախտորոշումը թոքաբորբն է, իսկ ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառներից մեկն էլ գերհոգնածությունն է:
«Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ ինձ վատ եմ զգում, բայց փորձում էի ինքնուրույն տարբեր դեղեր խմելով կազդուրվել: Ինձ թվում էր, թե արդեն լավանում եմ, բայց պարզվեց, որ թաքնված թոքաբորբ է սկսվել ինձ մոտ, որի մասին ես չգիտեի»,- պատմեց ֆոտոլրագրողը, ով մեր այցելության պահին արդեն համեմատաբար իրեն լավ էր զգում:
Բժիշկների խոսքով, Գագիկը եւս մի քանի օր պետք է մնա վերակենդանացման բաժանմունքում, որից հետո կտեղափոխեն սովորական հիվանդասենյակ: Բժիշկները կարծում են, որ Գագիկն առնվազն մեկ շաբաթ պետք է մնա հիվանդանոցում, այնինչ նա օրերն է հաշվում, երբ կկարողանա նորից դուրս գալ աշխատանքի:
«Իմացա, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում հացադուլ է սկսել: Ես պետք է այնտեղ լինեի նկարեի, իսկ ես այստեղ պարկած եմ»,- անհամբերությամբ նշեց ֆոտոլրագրողը:
NEWS.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Գագիկ Շամշյանին:




























