Բրազիլիայում կալանավորների միջեւ բախման հետեւանքով 15 մարդ է մահացել: Անկարգությունները տեղի են ունեցել Ամազոնաս նահանգի բանտում:
Կալանավորներից մի քանիսը սրած ատամի խոզանակներով ծակող վերքեր են ստացել, մյուսները՝ խեղդամահ արվել: Բախման պատճառները պարզվում են, հաղորդում է AFP-ն:
Տեղական պաշտոնյաները պնդում են, որ իշխանությունները արագ են արձագանքել, հակառակ դեպքում՝ զոհերը ավելի շատ կարող էին լինել:
Նույն բանտում 2017-ին խռովություն էին բարձրացրել, որը մոտ 20 ժամ էր տեւել, ինչի հետեւանքով 56 մարդ էր մահացել:
Բրազիլիան երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում կալանավորների թվով:




























