ԱՄՆ-ը մտադիր է համագործակցել Կիպրոսի եւ Իսրայելի հետ՝ Ռուսաստանի ազդեցությանը հակազդելու համար: Այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլիոթ Էնգելը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Ուրախացնում է այն, որ մեր դաշնակից Իսրայելը կհամագործակցի Կիպրոսի հետ: Ինձ թվում է, որ մենք խաղաղության եւ համագործակցության աննախադեպ հնարավորություն ունենք: Կիպրոսը տպավորիչ էներգետիկ իրավունքներ ունի: Դա նոր շեմ է, եւ, կարծում եմ, որ Պուտինն ու Ռուսաստանը չեն կարող եւ չեն վերահսկի իրավիճակը»,- ասել է Էնգելը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ հանդիպումից հետ:
Էներգետիկայի ոլորտի մի շարք ընկերություններ, այդ թվում՝ ամերիկյան ExxonMobil, ֆրանսիական Total եւ իտալական Eni, լիցենզիաներ են ստացել Կիպրոսի բացառիկ տնտեսական իրավունքներ ունեցող ջրերում հետազոտական հորատման համար:
Վերջին տարիներին օֆշորային նավթագազային ռեսուրսների հայտնաբերումը Կիպրոսին եւ Իսրայելին թույլ տվեց ամրապնդել համագործակցությունը: Սակայն Թուրքիան, որը Կիպրոսն անկախ պետություն չի ճանաչում, նավ ուղարկեց կղզու ափերի մոտ:
Եվրամիությունն աջակցում է Կիպրոսին, որը պնդում է, որ Թուրքիայի գործողությունները խախտում են իր ինքնիշխան իրավունքներն ու միջազգային օրենսդրությունը:
Էնգելը կարծիք է հայտնել նաեւ, որ առաջընթաց կգրանցեն Կիպրոսի նկատմամբ ԱՄՆ զենքի էմբարգոյի չեղարկման հարցում, որը գործում է արդեն 32 տարի: Կիպրոսում էլ նշում են, որ էմբարգոյի չեղարկումը կարող է ճեղքել այն մեծ խոչընդոտը, որն առկա է Վաշինգտոնի հետ հարաբերություններում:


























