Եվրախորհրդարանը մտադիր է ջանքեր գործադրել, որպեսզի Եվրահանձնաժողովի նախագահ դառնա իր խմբակցությունների առաջարկած թեկնածուներից մեկը: Այս մասին պայմանավորվել են Եվրախորհրդարանի խմբակցությունների մեծամասնության ղեկավարները: Մայիսի 28-ին Բրյուսելում խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի նախագահների հետ հանդիպումից հետո հայտնել է նրա ներկայիս նախագահ Անտոնիո Տայանին, հաղորդում է DW-ն:
Դեմ է արտահայտնվեկ Եվրոպայի համար լիբերալների եւ դեմոկրատների դաշինքը, հայտնել է նրա ղեկավար Գի Վերխոֆստադտը:
Ավելի ուշ նույն օրը ԵՄ երկրների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուներին:
Եվրամիության օրենսդրության համաձայն՝ Եվրոպական խորհուրդը այդ պաշտոնի մեկ թեկնածուի է ներկայացնում՝ հաշվի առնելով Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքները: Առաջարկվող թեկնածությունն, իր հերթին, պետք է հաստատի Եվրախորհրդարանի նոր կազմը:
Մայիսի 23-26-ը կայացած Եվրախորհրդարանի ընտրությունների ընթացքում ամենամեծ քաղաքական ուժերը իրենց թեկնածուներին առաջադրում էին Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի համար:
Այս սկզբունքը, որն առաջին անգամ իրականացվել է 2014 թվականի ընտրություններում, նախատեսված է, որ ԵՄ երկրների քաղաքացիները կարողանան միջնորդավորված ազդել նրա վրա, թե ով կզբաղեցնի այս բարձր պաշտոնը:
Եվրոխորհրդարանը համարել է, որ այն ժամանակ այդ սկզբունքը բարեհաջող է իրականացվել. Եվրահանձնաժողովը գլխավորեց խորհրդարանում մեծամասնություն ստացած Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Ժան Կլոդ Յունկերը:
Ներկայումս հիմնական գլխավոր թեկնածուներ են Եվրոպական ժողովրդական կուսակցությունից գերմանացի քաղաքական գործիչ Մանֆրեդ Վեբերը, սոցիալ-դեմոկրատ Ֆրանս Թիմերմանսը եւ ԵՄ մրցակցության հարցերով հանձնակատար, Եվրոպայի համար լիբերալների եւ դեմոկրատների դաշինքից Մարգրետ Վեստագերը:





























