ԱՄՆ-ը բոյկոտել է ՄԱԿ-ի՝ զինաթափման հարցով կոնֆերանսը՝ բողոք հայտնելով Վենեսուելայի դեմ, որը դարձել է ֆորումի ղեկավար, հաղորդում է AP-ը:
Զինաթափման հարցով ԱՄՆ դեսպան Ռոբերտ Վուդը լքել է դահլիճն ու հայտարարել բոյկոտի մասին, քանի դեռ կոնֆերանսը ղեկավարում է Վենեսուելայի դեսպան Խորխե Վալերոն:
«Մենք պետք է անենք ամեն ինչ դա թույլ չտալու համար: Նման պետությունը չի կարող ղեկավարել միջազգային մարմինը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Վուդը:
Նա նշել է, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի ներկայացուցիչը:
Խորխե Վալերոն քննադատել է այդ քայլը:
«Ցավում ենք, որ Միացյալ Նահանգների ներկայացուցիչը հարցեր է բարձրացնում, որոնք մանդատից դուրս են»,- ճեպազրույցի ժամանակ ասել է նա:
Նրա խոսքով՝ վենեսուելական ակտիվներում 4,5 մլրդ դոլար սառեցվել է կամ առգրավվել՝ ԱՄՆ պատժամիջոցներին համապատասխան, ինչը վնաս է հասցնում սննդի եւ դեղորայքի ներմուծմանը:





























