ՀՀՇ վարչության անդամ, մի քանի ամիս առաջ բանտից ազատ արձակված Աշոտ Մանուկյանը երեկ հրավիրվել է Լոռու մարզային ոստիկանություն, գրում է «Հայակական ժամանակ» թերթը: Մանուկյանը այս օրերին ի պաշտպանություն հայտնի բռնցքամարտիկ Սամսոն խաչատրյանի բողոքի ակցիաներ է անցկացնում: Տեղի ոստիկանապետ Անուբախ Համբարյանը Մանուկյանին համոզել է ակցիաներ չանցկացնել, չմասնակցել հանրահավաքների: «Այն, որ մեր ակցիան այսօր անցկացվեց եւ շարունակվելու է, կարծում եմ` լավագույնս ցույց է տալիս, թե ինչ պատասխան նա ստացավ ինձանից»,-թերթի հետ զրույցում ասել է Մանուկյանը:
«ՀԺ»-ն ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանից փորձել է մեկնաբանություն ստանալ առ այն, թե իշխանությունների սկսած ռեպրեսիաներն ի՞նչ նպատակ են հետապնդում եւ արդյոք դրանք վախի արտահայտություն չե՞ն:
«Ոչ մի բանից վախենալու առիթ կամ պատճառ չկա: Իշխանությունը տիրապետում է իրավիճակին եւ ծանոթ լինելով հասարակական հիմնախնդիրներին, պրոբլեմներին, դրանց լուծումներ տալու ուղղությամբ աշխատում է»,- ի պատասխան ասել է հանրապետական պատգամավորը:




























