Րաֆֆի Հովհաննիսյանը 2011թ. մարտի 15-ին հայտարարելով հացադուլ «ծոմ ազատության», իշխող վարչակարգի դեմ համաժողովրդական պայքարի ջահը գրասենյակներից եւ Մատենադարանից տեղափոխեց Ազատության հրապարակ:
Նման բովանդակության հայտարարություն է տարածել «Սարդարապատ» շարժումը:
«Սատարում ենք Րաֆֆի Հովհաննիսյանի վճռական եւ խիզախ այս քայլը, որը կարող է դառնալ ռեժիմից ազատագրվելու եւ հայ ժողովրդի միասնության ու համախմբման իրական սկիզբ»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մարտի 15-ին «Ժառանգություն» կուսակցության բաց համաժողովի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ սկսելու մասին` ի նշան բողոքի երկրում ստեղծված իրավիճակի դեմ: Նա այս գիշերն անցկացրել է «Ազատության» հրապարակում՝ զինակից ընկերների ու համակիրների հետ: Ոստիկանությունը թույլ չի տվել վրան խփել:





























