Ի  պաշտպանություն մարտի 15-ին կալանավորված հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի հայտարարություն է տարածել Լոս Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը:

«Ըստ Հայաստանյան լրատվամիջոցների, 2011 թ. մարտի 13-ին, անհայտ անձանց կողմից առեւանգվել, այնուհետեւ ձերբակալվել, իսկ այսօր երկու ամսով կալանավորվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ, անվանի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը:

Սամսոն Խաչատրյանին ձերբակալել են այս տարվա մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ վիճաբանության մեջ մտնելու առնչությամբ։

Նախնական տվյալների համաձայն, արդեն իսկ ակնհայտ է, որ իշխանությունների կողմից իրականացվում է քաղաքական հետապնդում: Որեւէ նորմալ երկրում մարդուն ոչ թե առեւանգում, այլ հրավիրում են ոստիկանություն այս կամ այն խնդրի վերաբերյալ բացատրություն ստանալու ակնկալիքով:

Քաղաքացու նկատմամբ կիրառում են կալանավորումը որպես խափանման միջոց, եթե տեղեկություններ ունեն, որ նա կարող է խուսափել կամ խանգարել անաչառ քննությանը, այլ ոչ թե կիրառում են կալանքը որպես խափանման միջոց, որովհետեւ այդպես է կարծում քննություն իրականացնող լիազոր մարմնի ներկայացուցիչը: Ակնհայտ է, որ Սամսոն Խաչատրյանին կալանավորելով ռեժիմը սկսում է նրան պատժելու գործընթացը, ինչը  օրենքով արգելված է, քանզի Սամսոն Խաչատրյանը դատարանի կողմից հանցագործ ճանաչված չէ:

Պահանջում ենք անմիջապես ազատ արձակել Սամսոն Խաչատրյանին եւ անցկացնել հրապարակային քննություն բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք, որ Սամսոն Խաչատրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը):