«Փրկենք երեխաներին» միջազգային ֆոնդը լավ լուր է հայտնել. անցած տարի երեխաների կյանքը բարելավվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ դառնալով ամենաառողջն ու անվտանգը դիտարկումների ամբողջ ընթացքում։ Այս մասին ասվում է աշխարհում երեխաների կյանքի պայմանների մասին զեկույցում, որն ամեն տարի ներկայացվում է ֆոնդի կողմից՝ սկսած 2017-ից, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Երեխաների կենսամակարդակի վիճակագրական ցուցանիշները վերափոխելու համար հեղինակներն օգտագործել են «Երբ ավարտվում է մանկությունը» (End of Childhood Index) վարկանիշը, որում աշխարհի երկրները գնահատվում են ըստ այդ ցուցանիշի, 1-1000 միավոր սանդղակով։
Ինչպե՞ս են գործերը Հայաստանում
Երեխաների պաշտպանության ոլորտում աշխարհի խոշոր տերությունների հաջողությունների արդյունքներով 2019 թվականին Հայաստանը զբաղեցրել է 61-րդ տեղը՝ հավաքելով 908 միավոր։ Նշենք, որ 2000-ի ցուցանիշը 884 միավոր էր։
Հայաստանում վաղ ամուսնության մակարդակը կազմում է 4,6 տոկոս 2013-18 թվականներին, վաղ հղիության մակարդակը՝ 24 տոկոս, իսկ մանկական մահացության մակարդակը 2017-ին՝ 12,6 տոկոս, նշվում է զեկույցում։
Իրավիճակն աշխարհում
Համաձայն հաշվետվության՝ երեխաների կենսամակարդակի հետ կապված ընդհանուր իրավիճակը 176 երկրից 173-ում ավելի է լավացել 2000 թվականի համեմատ։ Անվիճելի հաջողություններից է այն, որ այս տարի համաշխարհային հանրությանը հաջողվել է հասնել մանկական մահացության նվազման տարեկան 4,4 մլն մարդով, 115 միլիոնով ավելացնել դպրոց հաճախող երեխաների թիվը եւ 11 միլիոնով կանխել վաղ ամուսնությունները։
Երեխաների կենսամակարդակի վիճակագրական ցուցանիշները վերափոխելու համար խումբը հետազոտել է «Երբ ավարտվում է մանկությունը» (End of Childhood Index) վարկանիշը, որտեղ աշխարհի երկրները գնահատվում են այս ցուցանիշով 1-1000 միավոր սանդղակով։ Վարկանիշի հեղինակները ուշադրության են առնում այն գործոնները, որոնք հանգեցնում են մանկության վաղ ընդհատմանը, օրինակ՝ մանկական մահացությունը, անչափահասների ամուսնությունները, մանկական աշխատանքի օգտագործումն ու վաղ հղիությունները։
Չնայած աֆրիկյան երկրները զբաղեցրել են բոլոր ստորին տասը տողերը, անգամ այդ մայրցամաքում ֆոնդի փորձագետները լավատեսության առիթ են գտել։ Աֆրիկայի ավելի քան 70 տոկոս երկրներ իրենց ցուցանիշները վերջին 19 տարիներին բարելավել են 100 եւ ավելի միավորով։ Ամենամեծ առաջընթացի հասել են Սիերա Լեոնեն, Ռուանդան, Եթովպիան եւ Նիգերը։
Լավատեսության պակաս հիմքեր վարկանիշը կազմողները նկատել են ԱՄՆ-ում եւ Չինաստանում։ Համաշխարհային խոշոր տերությունների հաջողությունները մանուկների պաշտպանության ոլորտում այնքան էլ ակնհայտ չեն. երկու երկրները վարկանիշում ստացել են 941 միավոր՝ հայտնվելով նույն՝ 36-րդ տեղում։ Ռուսաստանը հավաքել 940 միավոր՝ ստանալով 38-րդ տեղը։ Դա առնվազն 30 միավորով քիչ է Արեւմտյան Եվրոպայի ցանկացած երկրի համեմատ։
ԱՄՆ-ում դեռահաս աղջիկների շրջանում հղիության մակարդակը 2000-ից հետո ավելի քան կեսով նվազել է, իսկ դպրոցում ուսումն ընդհատող աշակերտների թիվը գրեթե երկու երրորդով կրճատվել է:
Բացի այդ ամերիկացիներին հաջողվել է ոչ բավարար սննդի եւ մանկական ամուսնությունների հետ կապված խնդիրները նվազեցնել, իսկ մանկական մահացության մակարդակը նվազել է 20 տոկոսով:
Ամենից ուշ մանկությունն ավարտվում է այն երկրիների բնակիչների մոտ, որոնք ավանդաբար կյանքի որակի տարբեր վարկանիշներում զբաղեցնում են առաջին հորիզոնականները:
Առաջին տեղում Սինգապուրն է, տասնյակում ընդգրկվել են նաեւ Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Սլովենիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Հարավային Կորեան եւ Բելգիան:
Ապշեցուցիչ հաջողությունների հասած պետությունների թվում են Բանգլադեշը, Մեքսիկան, Ֆիլիպինները, Հնդկաստանը, Աֆղանստանը եւ Կոլումբիան:





























