Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը մայիսի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայում անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպության (ԵԱՀԿ) փորձագիտական խմբի` Անդրեյ Մունտեանի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Խաչիկյանը, ողջունելով հյուրերին Արդարադատության նախարարությունում, հավաստիացրել է, որ Նախարարությունն արդյունավետ համագործակցություն կունենա փորձագիտական խմբի հետ եւ փոխգործակցությունն առավել կխորանա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի, մասնավորապես, հակակոռուպցիոն մասնագիտացված իրավապահ մարմին ստեղծելու գործընթացին առնչվող մի շարք հարցեր:
Տվյալ ծրագրի շրջանակում, մայիսի 27-31-ը ԵԱՀԿ փորձագիտական խումբը Հակակոռուպցիոն մարմնի տեսլականի նախանշման շուրջ առաջարկություններ կազմելու նպատակով հանդիպումներ կունենա շահագրգիռ պետական այլ մարմինների հետ եւս:





























