Միխայիլ Սաակաշվիլին, որին նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ վերադարձրել է քաղաքացիությունը, Վարշավայում դեսպանատանն ստացել է Ուկրաինա վերադառնալու վկայականը եւ ծրագրում է արդեն այսօր թռչել մայրաքաղաք։ Այս մասին Սաակաշվիլին տեղեկացրել է Facebook-ում։

«Ուկրաինայի հրաշագործ հյուպատոսն ինձ Վարշավայի դեսպանատանը տվեց Ուկրաինա վերադառնալու վկայական։ Իսկ հիմա օդանավակայան եւ Կիեւ»,- նշել է քաղաքական գործիչը, տեղեկացնում է 112.ua-ն։

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն ասել էր, որ Սաակաշվիլին նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցների, մասնավորապես՝ Սերգեյ Կուրչենկոյի փողերով ֆինանսավորել է բողոքի ցույցերը Ուկրաինայում։ 2017 թվականի դեկտեմբերին Սաակաշվիլուն կալանել են հանցավոր կազմակերպությանն աջակցելու եւ հանցավոր գործունեության համար։ Նրան տեղեկացվել է կասկածների մասին։

Մարտի 21-ին վերականգնվել է քրեական վարույթը, որը վարում էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության Գլխավոր քննչական վարչությունը Կիեում եւ Կիեւի մարզում։ Հետաքննությունը դադարեցվել է 2018 թվականի մարտի 6-ին միջազգային համագործակցության շրջանակում ընթացակարգային գործողությունների կատարման անհրաժեշտության հետ կապված։ Այն վերաբացվել է «անհրաժեշտությամբ, որն առաջ է եկել քրեական վարույթում քննչական եւ ընթացակարգային գործողությունների անցկացման հետ կապված»։