Բարձրաստիճան ամերիկացի գեներալն ասել է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը խախտել է խոստումը՝ չռազմականացնել Հարավչինական ծովը, եւ կոչ է արել «կոլեկտիվ գործողությունների, որպեսզի Պեկինը ենթարկվի պատասխանատվության», տեղեկացնում է AFP-ն։

Պենտագոնի Շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել է, որ ռազմական գործողությունների կոչ չի անում, բայց ընդգծել է, որ անհրաժեշտ է հետեւել միջազգային օրենքներին։

«2016-ի աշնանը նախագահ Սի Ցզինպինը խոստացավ նախագահ Բարաք Օբամային, որ Չինաստանը չի ռազմականացնի կղզիները (Հարավչինական ծովում)։ Այսօր մենք տեսնում ենք օդավայրէջքային ուղիներ, զինամթերքի պահեստներ, հակահրթիռային պաշտպանության միջոցներ եւ այլն»,- ասել է նա Բրուքինգի ինստիտուտում։ «Ակնհայտ է, որ նրանք հեռացել են այդ պարտավորությունից»։

«Երբ մենք անտեսում ենք այն գործողությունները, որոնք չեն համապատասխանում միջազգային կանոններին, նորմերին եւ չափորոշիչներին, մենք պարզապես նոր չափորոշիչ ենք սահմանում։ Ես չեմ առաջարկում ռազմական պատասխան»,- ասել է ամերիկյան գլխավոր գեներալը։ «Անհրաժեշտ են համաձայնեցված կոլեկտիվ գործողություններ նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային նորմերն ու չափորոշիչները։ Նրանց պետք է ինչ-որ կերպ պատասխանատվության ենթարկել, որպեսզի կանխվեն ապագա խախտումները»,- կարծում է նա։