ԱՄՆ-ն միտումնավոր այլ երկրների դեմ «պրոտեկցիոնիստական մահակ»  եւ տնտեսական ահաբեկչություն է օգտագործում  առեւտրային պատերազմներ սկսելու համար: Այս մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Չժան Հանհուեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վճռականորեն դեմ ենք առեւտրային պատժամիջոցներին, մաքսատուրքերին եւ պրոտեկցիոնիստական մահակին: Առեւտրային վեճերի նման միտումնավոր սադրումը բացահայտ տնտեսական ահաբեկչություն  է, շովինիզմ եւ հալածանք: Առեւտրային պատերազմներում հաղթողներ չեն լինում, երկու կողմերն էլ պարտադիր կհայտնվեն պարտվողական իրավիճակում», - ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ վարչակազմի վերջին քայլերը:

«Սա բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա: Այդ պատճառով Չինաստանը եւ Ռուսաստանը կիսում են ընդհանուր դիրքորոշումները եւ շահերը», -հավելել է դիվանագետը: Նա նշել է, որ երկու երկրները պատրաստ են դիմակայել ցանկացած արտաքին ճնշմանն ու մարտահրավերներին` իրենց ինքնիշխանության եւ զարգացման շահերի պաշտպանության համար:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դժգոհել է Չինաստանի հետ առեւտրի հսկայական դեֆիցիտից: Մայիսի 10-ից ԱՄՆ-ի մասքատուրքերը կրկին բարձրացվել են. 200 մլրդ դոլարի չափով չինական արտադրանքի նկատմամբ 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս:

Չինաստանի իշխանություններն, ի պատասխան, մայիսի 13-ին հայտարարել են, որ 2019 թվականի հունիսի 1-ից 60 միլիարդ դոլար արժողությմաբ  ավելի քան 5 հազար ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքեր կսահմանեն: