ԱՄՆ-ի հետ Հյուսիսային Կորեայի գլխավոր բանակցողը մահապատժի է ենթարկվել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անհաջող գագաթաժողովից հետո։ Ինչպես տեղեկացնում է հարավկորեական The Chosun Ilbo թերթը, Կիմ Հյոք Չխալը, որը վարում էր բանակցությունները Վաշինգտոնի հետ, գնդակահարվել է մարտին Միրիմ օդանավակայանում։ Նրա հետ միասին մահապատժի են ենթարկվել եւս չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց  մեղադրել են լրտեսության մեջ հօգուտ ԱՄՆ-ի։ Էլի մի քանի մարդ ուղարկվել է աշխատանքային ճամբարներ։ Նրանց թվում է Կիմ Չեն Ընի թարգմանիչը, որին մեղադրել են այն բանում, որ «արատավորել է առաջնորդի հեղինակությունը» թարգմանության ժամանակ սխալների պատճառով։

Ինչպես նշում է թերթը, Կիմ Չեն Ընը հրամայել է «զտում» իրականացնել, որը վերաբերում է նաեւ այն պաշտոնյաներին, որոնք մասնակցել են բանակցություններին, որպեսզի զսպի ներքին հուզումները։

Հիշեցնենք, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումն այս տարվա փետրվարին Հանոյում անարդյունք ավարտվեց։ Գայթաքար հանդիսացան ԱՄՆ պատժամիջոցները։ Փհենյանը պնդում էր պատժամիջոցների մասնակի հանման վրա, ինչին ամերիկյան կողմը չհամաձայնեց։ Վրդովված Թրամփը հեռացավ գագաթաժողովից ավելի շուտ, քան նախատեսված էր։ Դրանից հետո Փհենյանը վերսկսեց հրթիռային փորձարկումները, բայց Թրամփը պնդում է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների վերջին արձակումները չեն խախտում ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Ընդ որում՝ նրա վարչակազմի անդամները՝ հանձինս Պենտագոնի ղեկավարի եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի, այլ կարծիքի են։