Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ`  սոցիալական ծառայության տարածքային բաժնի գլխավոր մասնագետի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Մ. Թումանյանը, 1999 թվականից աշխատել է Վանաձոր քաղաքի սոցիալական ծառայության տարածքային բաժնում` որպես գլխավոր մասնագետ: Վերջինս Վանաձոր քաղաքի բնակչուհի Տ. Հովհաննիսյանի ընտանիքի անդամների բացակա լինելու հանգամանքն անտեսելու, ինչպես նաեւ նպաստառուների ցուցակում  մնալու եւ նպաստ վճարելու համար  2010 թվականից մինչեւ 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Տ. Հովհաննիսյանից պահանջել եւ նույն քաղաքի թիվ 18 փոստային բաժանմունքի պետ Ա. Ավագյանի միջոցով  եւ օժանդակությամբ ստացել է ընդհանուր 175 000 դրամ կաշառք:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը):