ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների դերը ԵՏՄ շրջանակում շատ կարեւոր է ընդհանուր հարթակներ ձեւավորելիս։ Այս մասին Ծաղկաձորում հունիսի 1-ին «Եվրասիական տնտեսական միություն. Հայաստան – համագործակցություն» բիզնես համաժողովի շրջանակում ասաց  Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը։

Նրա խոսքով՝ ԵՏՄ երկրները ՀԿ-ների միջոցով ոչ թե պետք է պարզապես քարոզեն, այլ նաեւ ցույց տան հարթակները նրանց, ովքեր զբաղվում են բիզնեսով։

«Բոլոր հնարավորությունները ԵՏՄ շրջանակում պետք է լայնորեն լուսաբանվեն ԶԼՄ-ներում»,- նշել է դեսպանը։

Նա ընդգծել է, որ Ղազախստանը հստակ պահպանում է փոխհարաբերությունների խորացման ռազմավարությունը անկախ սահմանների դասավորությունից։

«Մենք կշարունակենք օգտագործել մեր տարանցման հնարավորությունները։ Առաջնահերթ է իրանական ուղղությունը, որը կարող է թույլ տալ դուրս գալ Հայաստանի շուկա եւ ապահովել տրանսպորտային կապ»,- նշել է Թիմուր Ուրազաեւը։

Դեսպանն ավելացրել է, որ ձեռնարկվում են փորձեր՝ նվազեցնելու տրանսպորտային սահմանափակումների փաստը ՌԵՈւ-ի հետ փոխգործակցության միջոցով։

«Պետք է մտածել այն տարբերակի շուրջ, որպեսզի Փոթիի լաստանավը ավելի հաճախ գործի եւ կողմնորոշվի կոնկրետ ապրանքների շուրջ»,- ասել է նա։

Թիմուր Ուրազաեւը նշել է, որ բյուրոկրատական քաշքշուկների առավելագույն նվազեցման համար կարեւոր նշանակություն ունի ընթացակարգերի թվայնացումը։