Չինաստանի առեւտրի նախարարությունը օտարերկրյա ընկերությունների եւ ֆիզիկական անձանց «սեւ ցուցակը» կազմելիս առաջնորդվել է չորս հիմնական կետով, շաբաթ ասել է նախարարության իրավական վարչության միջազգային պայմանագրերի բաժնի պետ Վան Հեցզյունը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Վան Հեցզյունը, որի խոսքերը հրապարակվել են գերատեսչության կայքում, տեղեկացրել է, որ Չինաստանի «կառավարությունը հաշվի կառնի չորս հիմնական գործոն, որով կառաջնորդվեն անցանկալի սուբյեկտների ցուցակում այս կամ այն ընկերությանը կամ ֆիզիկական անձին ընդունելու համար»։
«Նախ՝ գնահատվելու է, թե արդյոք իրականացնում են տնտեսական սուբյեկտները որեւէ խտրական գործողություն չինական ձեռնարկությունների հանդեպ, ներառյալ շրջափակումը եւ վարկերի դադարեցումը, երկրորդ՝ ստուգվելու է, թե չեն խախտում արդյոք սուբյեկտները շուկայական կանոնները եւ պայմանագրային պարտավորություններին հետեւելու մշակույթը՝ հետապնդելով ոչառեւտրային նպատակներ»,- տեղեկացրել է նա։
Բացի այդ, հաշվի կառնվի, թե արդյոք դիտարկվող տնտեսական սուբյեկտի գործունեությունը հանգեցրել է նյութական վնասի չինական ձեռնարկությունների եւ համապատասխան ճյուղերի համար, եւ չորրորդ՝ կգնահատվի, թե արդյոք սուբյեկտի գործունեությունը սպառնալիք կամ պոտենցիալ վտանգ ներկայացնում է Չինաստանի ազգային անվտանգությանը։
Համապատասխան ցուցակ ստեղծելու որոշման մասին Չինաստանի առեւտրի նախարարությունը տեղեկացրել է ուրբաթ ուշ երեկոյան այն բանից առաջ, երբ բարձրացրել է 60 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ներմուծման մաքսատուրքերը։




























