Լոնդոնի քաղաքապետ Սադիք Հանը համեմատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսքը 20-րդ դարի ֆաշիստների արտահայտչամիջոցների հետ բրիտանական մայրաքաղաքում Թրամփի պաշտոնական այցի նախօրեին, գրում է The Guardian-ը:

Observer պարբերականում հրապարակած հոդվածում Հանը քննադատում է նախագահ Թրամփի՝ առաջիկա երեք օրերի ընթացքում նախապատրաստվող մեծ ընդունելությունը, որի շրջանակներում նախագահը հանդիպելու է թագուհու եւ թագավորական ընտանիքի անդամների հետ, ինչը կարող է հրահրել բողոքի ցույցեր բրիտանական մայրաքաղաքում:

«Նախագահ Դոնալդ Թրամփն աճող գլոբալ վտանգի ամենազարհուրելի օրինակներից միայն մեկն է: Ծայրահեղ աջերն ի հայտ են գալիս ամբողջ աշխարհում՝ սպառնալով մեր՝ դժվարությամբ ձեռքբերված իրավունքներին, ազատություններին եւ արժեքներին, որոնցով որոշվում է մեր լիբերալ, դեմոկրատական հասարակությունը ավելի քան 70 տարիների ընթաքում»,-նշել է Հանն իր հոդվածում:

Բացի այդ, Լոնդոնի քաղաքապետն անվանել է մի շարք եվրոպական քաղաքական գործիչներին, որոնք, նրա կարծիքով, «կատարում են միեւնույն քայլերը, ինչ ֆաշիստները», սակայն գործում են նոր չարագուշակ մեթոդներով՝ Վիկտոր Օրբանը Հունգարիայում, Մատեո Սալվինին Իտալիայում, Մարի Լը Պենը Ֆրանսիայում եւ Նայջել Ֆարաջը Մեծ Բրիտանիայում:

Հայտնի է, որ Լոնդոնի քաղաքապետն ու ԱՄՆ-ի առաջնորդը տածում են անձնական հակակրանք միմյանց հանդեպ բազում տարիներ շարունակ: Թրամփը համարում է, որ Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում Հանի գործունեությունը «սարսափելի է», իսկ ինքը՝ Լոնդոնի քաղաքապետը հայտարարում է, որ «իր դասով» Թրամփը լիովին տարբերվում է ԱՄՆ-ի նախորդ նախագահներից:

Բացի այդ, ավելի վաղ Հանը կտրականապես հրաժարվել էր ներկա գտնվել Լոնդոնում Դոնալդ Թրամփի պատվին կազմակերպված ընդունելությանը: