ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պետք է ինքնուրույն որոշի ԵՄ-ից դուրս գալու ժամկետն ու պայմանները, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«Ինքնիշխան ազգը որոշում է ընդունել, մարդիկ քվեարկել են ԵՄ-ից դուրս գալու օգտին: Այժմ նրանք պետք է ինքնուրույն որոշեն ԵՄ-ից դուրս գալու ժամկետն ու պայմանները»,- ասել է Պոմպեոն:   

Իր հերթին, Բլոկը նշել է, որ Մեծ Բրիտանիան Նիդերլանդների ամենամոտ դաշնակիցներից է:

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս ԵՄ, ՆԱՏՕ շրջանակներում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությանն ու ցավում ենք, որ նրանք լքում են միությունը: Իհարկե, մենք հարգում ենք այդ ընտրությունը, սակայն լավ կլիներ, եթե նրանք մնային: Մեծ Բրիտանիան մեր խոշորագույն առեւտրային գործընկերներից մեկն է: «Կոշտ» դուրսբերումը բացասաբար կազդի ինչպես Նիդերլանդների, այնպես էլ Մեծ Բրիտանիայի վրա»,- ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Sunday Times-ին տված հարցազրույցում Մեծ Բրտիանիայի իշխանություններին կոչ էր արել Բրյուսելին չվճարել 39 մլրդ ֆունտ (մոտ 50 մլրդ դոլար)՝ միությունից դուրս գալու հետ կապված պարտավորությունների չիրականացման համար: Նա նաեւ խոստացել էր առավելագույն ջանք գործադրել, որպեսզի ազատ առեւտրի մասին գործարք կնքի Մեծ Բրիտանիայի հետ հետ եւ օգնի փոխհատուցել ԵՄ-ի հետ առեւտրային հարաբերություններում փոփոխությունների արդյունքում ստացած վնասը: