Հայաստանի 912 եւ Արցախի 13 դպրոցներում այսօր՝ մարտի 17-ին անցկացվում է «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթը, որին մասնակցում են ավելի քան 36 600 աշակերտներ:

«Կենգուրու» մրցույթը Հայաստանում անցկացվում է արդեն երրորդ անգամ: Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես խնդիրները լինելու են երկլեզու` հայերեն եւ ռուսերեն: Մրցույթի օրը երեխան հնարավորություն կունենա ընտրել խնդիրները կարդալու եւ հասկանալու իրեն հարմար լեզուն:

«Կենգուրուն» տրամաբանական եւ հետաքրքրաշարժ խնդիրներից կազմված մրցույթ է, որն ամեն տարի նույն օրն անցկացվում է շուրջ 50 երկրում` մոտ 6 միլիոն դպրոցականների մասնակցությամբ: «Կենգուրուին» մասնակցում են 3-11-րդ դասարանցի բոլոր ցանկացողները` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ եւ մաթեմատիկան առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար:

Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հովանու ներքո: