Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը տեղյակ չէ, թե որտեղ է ներկայումս գտնվում Ոստիկանության ՔՀԳՎ պետ Հովհաննես Թամամյանը: Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան հայտեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից: «Նախաքննական մարմինը նման տեղեկության չի տիրապետում»,-ի պատասխան ասացին ՀՔԾ-ում: Ըստ ՀՔԾ-ի`Հովհաննես Թամամյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարազդատ Ադամյանը, ինչպես նաեւ իրավապահ մարմինների այլպաշտոնատար անձինք հարցաքննվել են որպես վկա ՀՀ քր.օր-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով: ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը սույն թվականի փետրվարի 23-ին միջնորդագիր է ներկայացրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հ. Թամամյանի եւ ոստիկանության` Արաբկիրի բաժնի պետ Վ. Ադամյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ:
ՀՀ քր.օր-ի 104-րդ, 235-րդ եւ 308-րդ հոդվածների 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2010թ. մայիսի 12-ին Երեւանի Կոմիտասի պողոտայում Արսեն Ահարոնյանի, Պետրոս Գրիգորյանի եւ չպարզված անձանց հետ Խաչիկ Մկրտչյանի, Հայկ Սանդալջյանի, Արթուր Փոխարյանի ու Նարեկ Օհանջանյանի խուլիգանական գործողությունների ընթացքում նախ Խաչիկ Մկրտչյանի կողմից Արսեն Ահարոնյանին ու Պետրոս Գրիգորյանին հրազենային վնասվածքներ պատճառելու, այնուհետեւ Արսեն Ահարոնյանի կողմից հրազենի գործադրմամբ Խաչիկ Մկրտչյանին սպանելու կապակցությամբ հարուցված ու ներկայումս Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքում միտումնավոր կերպով խեղաթյուրվել են դեպքի փաստական հանգամանքները:
Հովհաննես Թամամյանը եւ Վարազդատ Ադամյանը, իրենց պաշտոնեական պարտականություններից բխող անհրաժեշտ միջոցներ չէին ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ, ինչը հանգեցրել էր քննության ընթացքում քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների խեղաթյուրմանը, կեղծմանը, հանցագործության մասնակիցների գործողությունների աղավաղմանը:
ՀՔԾ-ից հայտնեցին նաեւ, որ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:




























