ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը անհաջողություն է գնահատել  այն փաստը, որ չի հաջողվել մարտիմեկյան դեպքերի առնչությամբ անկախ հետաքննություն իրականացնել: Այս մասն նա ասել է Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ մարտի 17-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հրայր Թովմասյանն ընդունել է  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ լորդ Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին: Հանդիպման հենց սկզբում Ջ. Պրեսկոտը նշել է, որ մարտի 1-ից հետո սա իր 6-րդ այցելությունն է Հայաստան, եւ  հավելել է, որ թեեւ  որոշ դրական փոփոխություններ կատարվել են այս ժամանակահատվածում, սակայն կան դեռ լուծման կարիք ունեցող խնդիրներ: «Մեր խնդիրն է  ծանոթանալ եւ ապա Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովին զեկուցել, թե որքանով է Հայաստանը կատարել ստանձնած պարտավորությունները  եւ ինչ խնդիրներ կան այսօր»,- ասել է լորդ Ջոն Պրեսկոտը:

Համազեկուցողների ուշադրության առանցքում եղել են ընտրական օրենսգրքի բարեփոխումներն են, «Ժողովներ, հավաքներ , երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխությունները, արդարադատության եւ ոստիկանության ոլորտների բարեփոխումները, 2008 թ. մարտյան իրադարձություններից հետո անազատության մեջ գտնվող անձանց խնդիրները:

Համազեկուցողները դրական են գնահատել, որ որոշ մարդիկ համաներմամբ ազատ են արձակվել: Սակայն նրանք նկատել են, որ այդուամենայնիվ դեռեւս կան անազատության մեջ գտնվող մարդիկ:

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է այս ժամանակահատվածում կատարված աշխատանքները եւ նկատել. «Ցավալի է,  որ մարտյան դեպքերից  երեք տարի անց մենք դեռ շարունակում ենք խոսել հետընտրական իրադարձությունների մասին:Հետընտրական այս զարգացումները  հնարավորություն չեն տալիս քաղաքական իշխանություններին լիարժեքորեն իրականացնել բարեփոխումները»: