Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է, որ իրականությանը չի համապատասխանում մամուլի այն տեղեկությունները, թե դատախազությունը ընթացք չի տվել քաղաքացի Գոհար Չիֆլիկյանի  բողոքներին`իր կողմից գնված բնակարանը սեփականատիրոջ կողմից այլ անձանց եւս վաճառելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 65-ամյա Չիֆլիկյանն այն կինն է, ով երեկ Ազատության հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպել եւ սպառնում էր ինքնահրկիզվել:

Դատախազության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւանի Շենգավիթի քննչական բաժնի քննիչի որոշմամբ 2007 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178 –րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ `քաղաքացի  Նարինե Սաքեյանի դիմումի հիման վրա, ով Գոհար  Չիֆլիկյանի հարսն է: Գոհար Չիֆլիկյանն իր բնակարանի խնդիրների հետ կապված անձամբ երբեք որեւէ բողոք չի ներկայացրել:

«Ն. Սաքեյանն իր դիմումում հայտնել է, որ անհայտ անձը, իրեն ներկայացել է որպես Երեւանի Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 բնակարանի սեփականատեր Երջանիկ Կիրակոսյան եւ 2007 թվականի օգոստոսի 4-ին Երեւանի «Շենգավիթ» տարածքի նոտարիատում չարաշահելով իր վսըահությունը իր հետ կնքել է բնակարանաի առուվաճառքի պայմանագիր, ստացել է 10.920.000 դրամ գումար եւ դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ անհայտ անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի Ֆրունզիկ Մկրտչյանը, որի գործողություններից տուժել են նաեւ այլ քաղաքացիներ: Ֆրունզիկ Մկրտչյանը հայտնաբերվել է եւ գտնվում է նախնական կալանքի տակ: Քրեական գործերը միավորվել են մեկ վարույթ եւ քննվել են ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Երեւան քաղաքի քննչական բաժնում:

Սույն քրեական գործի նախաքնությունն ավարտվել է եւ 2011թ. մարտի 9-ին ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ըստ էության քննելու համար:

Գոհար Չիֆլիկյանի հարսը` Նարինե Սաքեյանը սույն գործով, ի թիվս մյուս քաղաքացիների, նույնպես ճանաչված է որպես տուժող: Ավելին, ի տարբերություն մյուս տուժողների, ներկայումս Երեւան քաղաքի Շերամի փողոցի 113 շենքի թիվ 81 բնակարանում բնակվում է միայն Գոհար Չիֆլիկյանը իր ընտանիքի հետ միասին:

Ակնհայտ անհիմն  եւ անհասկանալի է  քաղաքացու հայտարարությունը, դատախազության կողմից իր բողոքների անտեսման, քրեական գործ չհարուցելու վերաբերյալ: Ինչպես նաեւ անհասկանալի է  քաղաքացու կողմից  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի անվան անհարկի շահարկումը եւ  զրպարտչական բնույթի հայտարարություններով հանդես գալը:  Աղվան Հովսեփյանը Գոհար Չիֆլիկյանի բնակարանային խնդիրների հետ կապված երբեւէ որեւէ առնչություն չի ունեցել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր կեսօրին 5-6 ոստիկաններ հարձակվել են Ազատության հրապարակում բողոքի ակցիա անցկացնող 65-ամյա Գոհար Չիֆլիկյանի վրա, քաշքշելով վայր իջեցրել Թումանյանի արձանի պատվանդանից, նետել մեքենայի մեջ եւ տարել անհայտ ուղղությամբ: Ոստիկանությունը հերքել է այս փաստը: