Կանադացի բանաստեղծ եւ երգիչ Լեոնարդ Քոհենի նամակները՝ ուղղված նրա հայտնի So Long, Marianne երգի ոգեշնչման աղբյուր կնոջը, Christie's աճուրդում վաճառվել են 876 հազար դոլարով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Քոհենը եւ ծագումով Նորվեգիայից Մարիաննա Իլենը ծանոթացել են 1960 թվականին հունական Իդրա կղզում: Քոհենի ուղարկած նամակները վկայում են ինչպես սիրավեպի ծավալման, այնպես էլ սկսնակ բանաստեղծից աստիճանաբար աշխարհահռչակ կատարողի վերափոխվելու մասին:
Արխիվից ամենաթանկարժեք լոտն է դարձել 1960 թվականի դեկտեմբերով թվագրված նամակը: Այն վաճառվել է 56 հազար դոլարով՝ ավելի քան 5 անգամ գերազանցելով նախնական արժեքը: 1964 թվականի նամակը, որում Քոհենը գրել է՝ «ես հռչակավոր եմ դարձել, բայց դատարկվել եմ», աճուրդի կազմակերպիչներին բերել է 35 հազար դոլար:
Մարիաննա Իլենը 81 տարեկանում մահացել է 2016 թվականի հուլիսին Օսլոյում: Քոհենի նամակներն աճուրդի տանն է փոխանցել նրա ընտանիքը:
Ինքը՝ Քոհենը 83 տարեկանում մահացել է 2016 թվականի նոյեմբերին Մոնռեալում: Նա այնպիսի աշխարահռչակ երգերի հեղինակ է, ինչպես՝ Hallelujah, Suzanne եւ So Long, Marianne: Դրանից բացի, Քոհենը հրատարակել է բանաստեղծությունների եւ արձակի մի քանի ժողովածուներ, ինչպես նաեւ՝ 2 վեպ:





























