Հայաստանում չլուծված են մնում սոցիալական, տնտեսական բազմաթիվ խնդիրներ, ինչը հանգեցնում է ժողովրդի աղքատացմանը, արտագաղթին եւ ուղղակի մարդկային արժանապատվուրթյան նսեմացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
«Երկրում ստեղծված արտակարգ իրավիճակը ենթադրում է արտակարգ լուծումներ, ինչին համահունչ եւ երկիրը գահավիժումից զերծ պահելու մտահոգությամբ «Ժառանգությունը» փետրվարի 28-ին ԱԺ-ում հրաժարվեց հերթական քառօրյա նիստերի մասնակցությունից, քանի որ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների օրակարգերը շարունակում են չարտացոլել Հայաստանի քաղաքացիների ու հայ ժողովրդի արտաքին եւ ներքին պահանջներն ու օրինավոր ակնկալիքները, ավելին` ուղղակի հակասում են դրանց։
Մարտի 15-ին «Ժառանգությունը», իբրեւ հասարակությանն ուղղված ահազանգ եւ իրավատիրության մարտակոչ, դիմեց ժողովրդին, որում մասնավորապես ասված է. «Հնարավոր բոլոր եղանակներով` խորհրդարանի ամբիոնից մինչեւ հրապարակ, շարունակելու ենք պայքարը հանրապետության ամբողջ իշխանության օրինական ու արտահերթ նորովի ձեւավորման համար»։
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Մեծ Պահքի ոգուն համահունչ, ընտրեց պայքարի անձնուրաց ձեւը՝ ծոմապահությունը։ Մարտի 17-ին «Ծոմ ազատության» բողոքը ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս հանրային պահանջին հակասող որոշ քաղաքական ուժերի ցուցադրական կամ թաքուն պայմանավորվածությունների, պսակվեց առաջին հաղթանակով՝ Ազատության հրապարակը վերադարձվեց ժողովրդին»,- ասված է հայտարարության մեջ:
Ալավերդյանը նաեւ մեջբերել է մարտի 17-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, որում ասվում է. «Պայքարը շարունակվում է քաղաքացիական եւ ազգային պետություն կերտելու հրամայականով, ժողովրդին վերադարձնելու համար ոչ միայն հրապարակը, այլեւ ազգային իր իրավունքը` ընտրելու իր իշխանությանը։ Այդ պայքարը կհաջողվի ոչ միայն ելույթներով, հացադուլներով, հարթակից հրահանգներով, այլեւ ժողովրդի իրավատիրությամբ»։
Նշենք, որ այս ելույթը եթեր կհեռարձակվի «Հ1»-ի «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում՝ մարտի 20-ին:




























