«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր՝ Տիգրան Փոստանջյանի կալանավորման նաեւ հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանի կալանավորման հարցն են քննարկել Հայաստան գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան ու ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, մարտի 18-ին կայացած հանդիպման ժամանակ:

Գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ տիկին Զեհեն հետաքրքրվել է Տ. Փոստանջյանի  կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրգործի որոշ հանգամանքներին` մասնավորապես քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ վարույթում քննելու իրավական հիմքերին:

ՀՀ գլխավոր դատախազը Ս. Զեհեին տեղեկացրել է քրգործի հարուցման, քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ վարույթ հանձնելու, խափանման միջոցի ընտրության քրեաիրավական հիմքերը: Նա նշել է, որ  հանցավորության դեմ պայքարում ընդհանրապես եւ մասնավորապես սույն քրեական գործով նախաքննությունն ընթանում է դատախազության ձեւավորված միասնական քրեական քաղաքականության եւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

Աղվան Հովսեփյանը մասնավորապես շեշտել է, որ «հատկապես քրեական գործի քննության բազմակողմանիության եւ օբյեկտիվության հանգամանքները ապահովելու սկզբունքից ելնելով է նաեւ սույն գործի նախաքննությունը հանձնարարել ԱԱԾ քննչական վարչությանը»:

Տիկին Ս. Զեհեն անդրադարձել է նաեւ հայտնի բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանին` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստով առաջադրված մեղադրանքի եւ կալանավորման վերաբերյալ որոշ հարցերի: Գլխավոր դատախազը նշել է, որ Ս. Խաչատրյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելիս եւ խափանման միջոց ընտրելիս հետազոտվել է անգամ ԳԱԼԱ հեռուստաընկերության համացանցում տեղադրված տեսաերիզը, որտեղ պատկերված Ս. Խաչատրյանի գործողությունները հանդիսանում են նրան առաջադրված մեղադրանքի հիմքում դրված ապացույցներից  ընդամենը մեկը:

Հիշեցնենք, որ Տիգրան Փոստանջյանի պաշտպանները հայտարարում են, որ Տ. Փոստանջյանի դեմ հարուցված քրգործն ուղղված է Զարուհի փոստանջյանի դեմ ճնշումներ կիրառելուն:

Իսկ ՍամսոնԽաչատրյանը հայտարարել է, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ քաղաքացիական անձինք քաշքշել են կանանց ու աղջիկներին եւ ինքը կարգի է հրավիրել խուլիգանին, որը հետո պարզվել է, որ ոստիկան է: