Թուրքիայի հայտնի արվեստագետներից Յավուզ Բինգյոլը մի հեռուստահաղորդման ժամանակ բացատրել է թե ինչու է ստորագրել «Ներեցեք մեզ, հայեր» ակցիայի տակ։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Մալթեփեյի համալսարանի որոշ ուսանողներ Յավուզ Բինգյոլի քննադատել են՝ հայերից ներողություն խնդրելու համար։ Թուրք արվեստագետը զավեշտալի պատասխան է տվել իրեն քննադատողներին՝ ասելով. «Դուք երբեք ներողություն չե՞ք խնդրել, երբ նույնիսկ ճիշտ եք եղել։ Իմ հորաքույրը հայերի կողմից է սպանվել։ Ես էլ՝ այս տառապանքը ապրած անձ, ասացի՝ բավական է, թող այս հարցը փակվի, ես եմ ներողություն խնդրում»։
Թուրք արվեստագետը արդարացել է՝ ասելով, թե ինքը չի ասել «ցեղասպանություն» բառը։ «Այդ ակցիան շատ բարի նպատակ ուներ։ Իմ երաժշտախմբում մեկ ադրբեջանցի եւ երկու հայազգի երաժիշտ կա։ Երբ Հրանտ Դինքին սպանեցին, ես չէի կարողանում նայել իմ հայ ընկերների աչքերին։ 100 տարի այս երկրում սերնդեսերունդ փոխանցվում է Հայկական հարցը։ Մի անգամ աղջիկս ինձ հարցրեց, թե ի՞նչ է Հայկական հարցը։ Չկարողացա պատասխանել։ Ժամանակն է, որ լուծվի այդ հարցը։ Կանեմ այն, ինչին հավատում եմ»,-նշել է թուրք արվեստագետը:





























