Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այսօր՝ մարտի 19-ին մեկնարկել է Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) նախագահության նիստը, որը նախագահում է Սոցինտերնի նախագահ եւ Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուն:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՅԴ մամուլի դիվանից, նախագահության նիստին մասնակցում է նաեւ Հայաստանից կազմակերպության փոխնախագահ, ՀՅԴ ներկայացուցիչ Մարիա Թիթիզյանը։

Նախագահության նիստը կենտրոնանալու է արաբական աշխարհում վերջին զարգացումների վրա, քննարկվելու են համատեղ քայլերի հնարավորությունները՝ այս ժողովրդավարական հեղափոխությունների նպատակների հաջողության համար։ Միօրյա ժողովի օրակարգում է նաեւ Կոտ դ´Իվուարը, ուր Սոցինտերնի անդամ կուսակցությունը՝ Փղոսկրյան ժողովրդային ճակատը կախակայվել է, երկրում հետընտրական տագնապի պատճառով։ 

Նշենք, որ Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայրցամաքներից։ Կազմակերպության նախագահությունը կազմված է նախագահից, գլխավոր քարտուղարից, 32 փոխնախագահներից եւ 6 ի պաշտոնե անդամներից։

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն Սոցինտերնի լիիրավ անդամ է 2003 թվականից: