«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին չբարեւելու Լեւոն Տեր-Պետրոսյանի քայլը չի ազդի նրա եւ Հայ ազգային կոնգրեսի քաղաքական կշռի վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ Ազատության հրապարակ մտած Հայ ազգային կոնգրեսի ընտրազանգվածի համար շատ ավելի կարեւոր էր հրապարակի «ազատագրումը», քան Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանին ողջունելը:
«Տեր-Պետրոսյանի եւ նրա ընտրազանգվածի համար էլ է ակնհայտ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չունի այն հեղինակությունը, ինչն ունեն «Ժառանգության» մյուս պատգամավորները: Հովհաննիսյանն ընդամենը շարքային պատգամավոր է, հայտնի իր իրարամերժ քայլերով եւ հայտարարություններով»,-նկատեց քաղտեխնոլոգը:
Հարցին, թե ինչպե՞ս անդրադարձավ Տեր-Պետրոսյանի չբարեւելը իր իսկ` Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական վարկանիշի վրա, Արմեն Բադալյանն արձագանքեց` «իսկ մի՞թե նա ունի վարկանիշ»: Ըստ քաղտեխնոլոգի` «Ժառանգության» առաջնորդը հացադուլ հայտարարելով կարողացավ իր կողմը գրավել լրատվական դաշտի ուշադրությունը եւ ստիպեց մի քանի օր իր մասին քննարկումներ ծավալել: «Տարօրինակ է, որ հացադուլը չի հետապնդում որեւէ կոնկրետ պահանջ: Այստեղից կարելի է ենթադրություն անել, որ Հովհաննիսյանի նպատակն ընդամենը իր շուրջ քաղաքական շոու սարքելն էր, ինչը նրա կողմից հաճախ կիրառվող քաղաքական տեխնոլոգիա է»:
Արմեն Բադալանը նկատեց նաեւ, որ «Ժառանգության» առաջնորդի հայտարարած հացադուլը կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա շուրջ հետաքրքրությունը չի մարել եւ չի արձանագրվել նոր ու հետաքրքիր քաղաքական ակտ:
NEWS.am-ը փորձեց նույն փաստի առնչությամբ մեկնաբանություն ստանալ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից, ով ուշադիր լսեց հարցը եւ կարճ ասաց. «Առանց մեկնաբանության»:





























