Ավստրիայում եւ Գերմանիայում սահմանվել են ջերմաստիճանի հերթական ռեկորդները, տեղեկացրել են երկրների օդերեւութաբանական ծառայությունները, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Չորեքշաբթի Գերմանիայում գրանցվել է 38,6 աստիճան ջերմություն։ Ինչպես նշում են մասնագետները, նման բան չի եղել 1947 թվականից։

Ավստրիայի Ազգային օդերեւութաբանական եւ երկրաֆիզիկական ծառայության (ZAMG) աշխատակիցները 2019-ի ամառն անվանել են ամենաշոգը դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Ջերմաստիճանն այս ամիս 4,5 աստիճանով գերազանցել է միջին ցուցանիշը եւ հաճախ հասել բարձրակետին՝ 35 աստիճան։

Ինչպես ճշգրտում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը, եվրոպական երկրներում, ներառյալ Ավստրիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը եւ Շվեյցարիան, շոգը պահպանվում է մինչեւ ամսվա վերջ։