Կարապետ Ուլնեցի-Դավիթ Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում առյուծ պահելու մասին EcoNews.am-ի հրապարակման առնչությամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը դիմել է Ոստիկանություն: Ինչպես մեզ հետ զրույցում հայտնեցին ԲԸՏՄ մամուլի բաժնից՝ տեսուչները այցելել են Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում պահվող առյուծի մասին ահազանգի հետքերով, սակայն կենդանուն չեն հայտնաբերել նշված տարածքում:
«Հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված տարածքում զննում է իրականացվել, որի արդյունքում կենդանին չի հայտնաբերվել: Գործի հետագա ընթացքն ապահովելու համար, պարզելու համար առյուծ պահող անձի ինքնությունը դիմել ենք ոստիկանություն»,- մանրամասնեցին մեզ հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ահազանգել ենք Կ. Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան) պահվող առյուծի մասին: Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է:
Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է: Ճշտելու համար կենդանու պահման օրինականությունը EcoNews.am-ը դիմել է ԲԸՏՄ, ինչպես նաեւ Շրջակա միջավայրի նախարարություն: Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուղղված գրությամբ խնդրում ենք պարզաբանել, թե արդյոք կենդանու պահման մասին առկա՞ են տվյալներ ՍԻԹԵՍ գրանցամատյանում եւ նախարարության կողմից տրվե՞լ է արդյոք կենդանուն անազատ պայմաններում պահելու համար անհրաժեշտ, «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով սահմանված թույլտվություն:
Պատասխան գրությամբ հայտնում են. «...շրջակա միջավայրի նախարարության կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում պահվող առյուծի (Panthera leo) ներմուծման թույլտվություն չի տրամադրվել, հետեւաբար ՍԻԹԵՍ գրանցամատյանում գրանցված չէ: Հայաստանի Հանրապետություն ՍԻԹԵՍ հավաստագրով ներմուծված կենդանիների վերաբերյալ տեղեկությունը կարող եք ստանալ Պետական եկամուտների կոմիտեից»:
Փաստացի, կենդանու մասին տվյալներ առկա չեն նաեւ ՍԻԹԵՍ գրանցամատյանում, ինչը վկայում է, որ պետական պատասխանատու կառույցը չունի տեղեկություններ մայրաքաղաքում անազատ պայմաններում պահվող գիշատիչ կենդանու ծագումնաբանության, ինչպես նաեւ պահման օրինականության եւ պայմանների մասին: Կենդանու ներկայիս գտնվելու վայրն ընդհանրապես անհայտ է:
Նշենք նաեւ, որ ըստ մեր տեղեկությունների՝ կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի: Մենք կապ հաստատեցինք նաեւ Անդրանիկի հետ, որն ասաց. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»:
Եվս մեկ անգամ ընդգծենք, որ ստեղծված իրավիճակը հանդիսանում է ՀՀ-ում օրենսդրական բացերի եւ պատշաճ վերահսկողության բացակայության հետեւանք: «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական եւ բուսական աշխարհի միջազգային առեւտրի մասին» կոնվենցիայի (CITES / Convention on International Trade in Endangered Species of Wild Fauna and Flora) Ժնեւի քարտուղարությունը դեռ 2015թ.-ին ՀՀ-ը դասել է երրորդ կարգի երկրների շարքին, քանի որ Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում կենդանիների անօրինական առեւտրի դեմ պայքարում միջազգային կոնվենցիայի կատարման պահանջներին:
Հայաստանը կոնվենցիային միացել է 2009թ.-ին: ՀՀ հարեւան պետություններից Ադրբեջանը դասվել է երկրորդ կարգի երկրների շարքին, Թուրքիան՝ առաջին դասի, Վրաստանը՝ երկրորդ դասի, Իրանը՝ առաջին դասի, Ռուսաստանը եւս դասվել է առաջին կարգի երկրների շարքին:




























