Կիեւի Օբոլոնսկի շրջանում երեկ գիշերը մի խումբ տղամարդիկ ծեծկռտուք եւ փոխհրաձգություն են կազմակերպել Կասպիյ սրճարանում, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Սրճարանի այցելուների խոսքով՝ սրճարանի պարահրապարակում 2 տղամարդ վիճել են, որի ընթացքում կովկասյան արտաքինով տղամարդը հանել է դանակը, ապա նրան գցել են հատակին ու դուրս հանել, սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվել: 15 րոպե անց նա վերադարձել է ռեստորան 4 ընկերների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ նոր վեճ է ծագել՝ այս անգամ գազի բալոնների եւ զենքի կիրառմամբ: Տղամարդկանցից մեկի ոտքին կրակել են: Դրանից հետո կովկասյան արտաքինով տղամարդիկ նստել են սեւ Seat ավտոմեքենան եւ թաքնվել:

Կասկածյալներին ձերբակալել են մի քանի ժամ անց Դնեպրովսկի շրջանում: Ավտոմեքենայում նաեւ 2 աղջիկ է եղել, որոնց մոտ թմրանյութի նման նյութեր են հայտնաբերվել:

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ տվյալ անձինք կապ ունեն մի քանի ավազակությունների հետ: Միջադեպի բոլոր մասնակիցները տեղափոխվել են ոստիկանական բաժանմունք հետագա քննության համար»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները: