ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› եւ ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու պատմել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի շրջանակում ստեղծված ‹‹Դասական երաժշտության բարեկամներ››-ի խմբի գործունեության մասին։ Տիկին Աունը, ողջունելով դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը, նշել է, որ թե՛ իր ամուսինը, թե՛ ինքը դասական երաժշտության մեծ երկրպագուներ են եւ սիրով կարող են համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։
‹‹Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստան այցելությունը շատ տպավորիչ էր։ Այցը կարճ էր, բայց ես սիրեցի ու ինձ շատ դուր եկավ Հայաստանը››,- ասել է տիկին Աունը։ Ի պատասխան, Աննա Հակոբյանը տիկին Աունին հրավիրել է Հայաստան։ ‹‹Հայաստանում տեսնելու շատ բան կա եւ ես հաճույքով Ձեզ կներկայացնեմ մեր երկիրը››,- ասել է Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը Տիկին Աունը ներկայացրել է իր գործունեությունը, պատմել իր հիմնադրած ասոցիացիայի մասին, որն աջակցում է աուտիզմով հիվանդ երեխաներին։ Այս համատեքստում տիկին Հակոբյանը ուժ եւ եռանդ է մաղթել տիկին Աունին այդ դժվարին գործում։
.jpg)





























