Թեքեյան Կենտրոնի մեծ դահլիճում մարտի 22-ին տեղի կունենա կլոր սեղան-քննարկում «Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավի շրջանակներում: Քննարկման մասնակիցներին կտրամադրվեն նաեւ ոլորտում առկա իրավիճակը ներկայացնող տեղեկատվական փաթեթներ:
«Երեխան պետք է ապրի ընտանիքում» իրազեկման արշավը միտված է աջակցել Հայաստանի կառավարությանը երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների` մասնավորապես, մանկատների եւ խնամքի այլ հաստատությունների բեռնաթափման ռազմավարության իրականացման գործում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ եւ «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի» աջակցությամբ իրականացվող իրազեկման արշավը նպատակ ունի քարոզել երեխայի` ընտանիքում մեծանալու իրավունքը եւ հասարակության մեջ արմատավորել այն դիրքորոշումը, որ երեխայի համար ապրելու եւ դաստիարակության լավագույն վայրն ընտանիքն է, որ միայն այնտեղ երեխան կարող է զարգացնել իր առավելագույն ներուժը եւ որ որեւէ դեպքում եւ պատճառաբանությամբ երեխային չպետք է հանձնել մանկատուն կամ խնամքի այլ հաստատություն:
Իրազեկման արշավի շրջանակներում նախատեսված է իրականացնել մի շարք միջոցառումներ եւ գործողություններ, որոնք կշարունակվեն ողջ տարվա ընթացքում: Արշավում ներգրավված են երեխաների հիմնահարցերի փորձագետներ, քաղաքականություն մշակողներ, կարծիք ձեւավորողներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ:



























