ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկում է փոփոխություն կատարել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում։ Համաձայն օրենքի նախագծի պատգամավորը առաջարկում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի հավելվածի 15-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«15. Էկոնոմիկայի նախարարությունը մշակում եւ իրականացնում է տնտեսության ճյուղերի, այդ թվում՝ արդյունաբերության մրցունակության բարձրացման, գործարար միջավայրի բարելավման, արտաքին առեւտրի խթանման, արտահանման շուկաների հասանելիության ապահովման եւ արտահանման զարգացման, ներդրումների խթանման, որպես պետական լիազոր մարմին մեկ պատուհանի սկզբունքով ներդրումային ծրագրերի պետական աջակցության, ներդրումային ծրագրերի ընթացքի վերահսկողության, ներդրումային ծրագրերի իրականացման դիտանցման միասնական էլեկտրոնային համակարգի կառավարման,  պետություն-մասնավոր գործընկերության զարգացման, ձեռնարկատիրության խթանման, փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման, զբոսաշրջության, մտավոր սեփականության պաշտպանության, տարածքային տնտեսական զարգացման, մրցակցային պայմանների բարելավման, որակի ենթակառուցվածքների զարգացման, սպառողների շահերի պաշտպանության համակարգի զարգացման, բուսաբուծության, անասնաբուծության, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, պարենային անվտանգության, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման եւ խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մշտադիտարկման, արդյունավետ օգտագործման, մելիորատիվ վիճակի բարելավման ու պահպանման եւ գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը»:

Ըստ հիմնավորման՝ օրենքի նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրական պետական աջակցության ապահովման անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ պետական կառավարման տարբեր մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ հարաբերությունների հստակեցմամբ, օրենքով պետական մարմինների ներկայացուցիչների պատասխանատվության ինստիտուտի սահմանմամբ ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակներում: