Բրիտանական Սթանսեդ քաղաքի բնակչուհի Մերի Էմերսոնն ասել է, որ հասել է հարյուր տարեկանի շնորհիվ սիրելի ուտելիքի՝ խմորով նրբերշիկների։ «Հենց դրանք ու դրական տրամադրվածությունն են օգնել ինձ հասնել այս տարիքին»,- Էմերսոնի խոսքերը մեջբերում է Daily Mail պարբերականը։

Նշվում է, որ բրիտանուհու ամուսինը մահացել է 1976 թվականին, իսկ հինգ տարի անց նա կորցրել է հարազատ քրոջը։ Չնայած դրան՝ նա իրեն առողջ ու երջանիկ մարդ է համարում։

Հոբելյանը Էմերսոնը նշել է հունիսի 30-ին։ Նրա աղջիկը՝ Քեթին, մորը նկարագրել է որպես ինքնուրույն մարդ եւ հիանալի խոհարար. «Նրա խմորով նրբերշիկները միշտ շատ համեղ են ստացվել»,- գրում է «Իզվեստիա»-ն։

Մայիսին Նոր Զելանդիայի Մոսգիլ քաղաքի հարյուրամյա բնակչուհի Մյուրիել Բարբարան նշել է իր երկարակեցության գաղտնիքը՝ լիարժեք քուն, սպորտ եւ առողջ սնունդ։

Հունիսի սկզբին դանիացի գիտնականները հայտարարեցին, որ երկարակյացների տարիքը բարձրանում է առողջապահության զարգացած համակարգ ունեցող երկրներում։

Կանադացի հետազոտողներն, իրենց հերթին, հույզերի ազդեցությունը կապել են տարեց մարդկանց կյանքի տեւողության հետ։