Կառավարության որոշմամբ, վրացական համարանիշով մեքենաների վարորդներին տրամադրվող անտոկոս բյուջետային վարկի գումարը հասցվել է 1 միլիարդ դրամի: Նշենք, որ մեկ ավտոմեքենայի մաքսազերծման համար վարորդից միջին հաշվով պահանջվում է 400- 500 հազար դրամ:
Մարզպետարաններում շարունակվում է փաստաթղթերի գրանցման գործընթացը: Շիրակի մարզում հաշվառված 657 վրացական համարանիշով ավտոմեքենաներից կառավարության ծրագրից օգտվելու հնարավորություն ունեն 586 մեքենայի սեփականատերեր:
Շիրակի Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ այսօրվա դրությամբ, Շիրակի մարզպետարանում հաշվառվել է 451 մեքենա, իսկ պայմանագիր դեռեւս կնքվել է նրանցից 295-ի հետ: Նշենք, որ ծրագրից օգտվելու վերջնաժամկետ է սահմանվել մինչեւ մարտի 25-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գյումրիի ավտովարորդները բողոքի ակցիաներ եւ ավտոերթեր էին կազմակերպել՝ ընդդեմ մաքսային օրեսնդրության փոփոխության, ըստ որի վրացական համարանիշով մեքենաները կարող են Հայաստան մտնել միայն մեկ անգամ՝ 15 օր ժամկետով:




























