Գյումրիի` մոտ կեսդարյա պատմություն ունեցող անտառտնտեսության վերահսկողության տակ գտնվող ընդհանուր հողային տարածքը նախկինում 6000 հեկտարից ավելի էր, այնինչ հիմա ընդգրկում է մոտ 4 400 հեկտար տարածք:
Գյումրիի անտառտնտեսության մասնագետ Աշոտ Վալեսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ նախկինում` մինչերկրաշարժյան տարիներին կատարված ծառատունկի աշխատանքները, ֆինանսատնտեսական պայմանների վատթարացման հետ կապված, դադարեցվել էին եւ միայն անցած երկու տարիներին է շարունակվել:
2009 թվականին Գյումրիում եւ նրան հարակից տարածքներում ծառատունկ է կատարվել 70 հեկտար տարածքի վրա, իսկ 2010-ին` 25 հեկտար: Նրա հավաստմամբ, ծառահատումների հետ կապված օրինախախտման դեպքերը հասցվել են նվազագույնի: Մասնագետն ավելացնում է, որ նոր տնկված ծառերի խնամքի աշխատանքների համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումներ դեռ չկան, սակայն դրա անհրաժեշտությունը շատ մեծ է:




























