Գոլդ Քոսթ քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա հայտնված մեծ կրիան դարձել է ավիաթռիչքի հետաձգման պատճառը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով SBS-ին:

Լրատվականի տվյալներով Jetstar ավիաընկերության ինքնաթիռի հրամանատար Ջեյմս Ֆուլերը թույլտվություն էր ստացել թռիչքն իրականացնելու համար եւ արդեն սկսել էր արագություն հավաքել, երբ նկատել էր թռիչքուղու վրա օտար առարկա, որն իրականում խոշոր կրիա էր: Անձնակազմը որոշում էր կայացրել ընդհատել թռիչքը կենդանուն անվտանգ վայր տեղափոխելու համար:

«Երբ մենք հասկացանք, որ դա կենդանի կրիա է, անհապաղ կապնվեցինք դիսպետչերի հետ եւ թույլտվություն խնդրեցինք լրացուցիչ կայանատեղի ստանալու համար, իսկ ուղեւորներին հայտարարեցինք, որ անհրաժեշտ է մի փոքր սպասել կրիայի պատճառով, որը հանգստի համար անհաջող վայր է ընտրել»,-պատմել է Ֆուլերը հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Չնայած առաջին հայացքից իրավիճակը հետաքրքրական է՝ սողունի առկայությունը թռիչքուղու վրա կարող էր ներկայացնել լրջագույն վտանգ օդանավի եւ ուղեւորների, ինչպես նաեւ կրիայի համար:

«Այդ դեպքը, իհարկե, զվարճալի էր, սակայն այսուհետ մենք ավելի մեծ ուշադրությամբ կհետեւենք թռիչքուղու մաքրությանը. ինքնաթիռի տուրբիններից մեկը բավականին մոտ էր կրիային, եւ այն կարող էր ներծծել կենդանուն, եթե մենք շարունակեինք թռիչքը»,-հայտարարել է Ֆուլերը:

Նա պատմել է, որ նախկինում նա չի հանդիպել կրիաներ, որոնք զբոսնել են թռիչքուղու վրա, իսկ ավելի շարժուն կենդանիները, ինչպիսիք են շները, ճագարները, աղվեսները, հաճախակի հյուրեր են այդ վայրում: