Հայտնի ռուս բեւեռախույզ, օվկիանոսագետ-գիտնական Արթուր Չիլինգարովը վատ է զգացել Մոսկվայում միջոցաման ժամանակ: Չիլինգարովը եկել էր «Եդինայա Ռոսիայի» համաժողովին, սակայն ստիպված էին նրա մոտ կանչել հերթապահ բժիշկներին:

«Տեսա, որ նա նստած է բազմոցին, եւ բժիշկները չափում են ճնշումը»,- ասել է «Գազետայի» զրուցակիցը:

«Չիլինգարովի մոտ ամեն ինչ լավ է: Թեթեւ տկարություն զգաց եւ կշարունակի համաժողովում աշխատանքը»,- ասել են կուսակցության մամուլի ծառայությունից:

79-ամյա Արթուր Չիլինգարովը Խորհրդային Միության հերոս է, Ռուսաստանի հերոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Արկտիկայում եւ Անտարկտիկայում միջազգային համագործակցության հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչը: Խորհրդային տարիներին աշխատել է Տիկսիի գիտահետազոտական աստղադիտարանում, ուսումնասիրել է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը, ղեկավարել է «Սեւեր-21» գիտական արշավախումբը, աշխատել է «ՍՊ-19» դրեյֆող կայանի պետ, ինչպես նաեւ եղել է 17-րդ խորհրդային անտարկտիկական արշավախմբի Բելինսհաուզեն անտարկտիկական կայանի պետը: