Սվերդլովսկի մարզում բենզատարի պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Կրասնոտուրինսկ քաղաքային շրջանի ղեկավար Ալեքսանդր Ուստինովին:

«Արգելակների խափանման հետեւանքով ճանապարհի երթեւեկելի մասից դուրս եկած բենզատարի պայթյունից տուժել է ընդհանուր առմամբ 11 մարդ, որոնցից 4-ը՝ մահվան ելքով. նրանք գտնվել են բենզատարի հարեւանությամբ»,-ասել է նա:

Ուստինովը հավելել է, որ այժմ Կրասնոտուրինսկի Կենտրոնական քաղաքային հիվանդանոցում գտնվում է 4 մարդ միջին ծանրության վնասվածքներով: Տուժածները ստացել են տարատեսակ կոտրվածքներ: Չնայած դեպքի վայրում հրդեհ էր բռնկվել՝ տուժածներից եւ ոչ մեկը այրվածքներ չի ստացել:

Բենզատարի պայթյունի հետեւանքով գրեթե բոլոր զոհերն ու տուժածները տեղի զբոսաշրջիկներ էին: Բոլորի ինքնությունը հաստատվել է, բացի մեկ զոհից: Բոլոր զբոսաշրջիկները Սվերդլովսկի  մարզի բնակիչներ են:

Ըստ Սվերդլովսկի մարզում ՆԳՆ-ի գլխավոր վարչության տվյալների՝ դեպքի պահին բենզատարի վարորդը սթափ վիճակում էր: Տարածաշրջանի դատախազությունն անցկացնում է ստուգումներ դեպքի առնչությամբ:

Բենզատարը պայթել էր Սվերդլովսկի մարզի հյուսիսում գտնվող տեխնոլոգիական ճանապարհին (Երկատերինբուրգից շուրջ 350 կմ հեռու) տեղի ունեցած ՃՏՊ-ի հետեւանքով: Ավտովթարի հետեւանքով զոհվել է չորս մարդ, եւս 11-ը, այդ թվում 1 դեռահաս, տուժել են: