Նյու Յորք նահանգի դատախազությունը կարծում է, որ շաբաթ կալանավորված միլիարդատեր Ջեֆրի Էփշթեյնը 2000-ական թվականների սկզբին ոտնձգություն է կատարել մի քանի տասնյակ անչափահաս աղջիկների նկատմամբ, հայտնում է The New York Times-ը:
Պարբերականի աղբյուրների խոսքով՝ այս պահին մեղադրական եզրակացությունը գաղտնի է: Սպասվում է, որ այն կհրապարակվի երկուշաբթի, երբ 66-ամյա Էփշթեյնը կկանգնի դատարանի առաջ: Նա կալանավորվել է մասնավոր օդանավով Ֆրանսիայից Նյու Ջերսի ժամանելուց հետո:
Շաբաթ պարբերականը հայտնել էր, որ Էփշթեյնին կառաջադրվեն սեքսուալ շահագործման նպատակով մարդկանց վաճառքի մեղադրանքներ: Ըստ նոր տեղեկությունների՝ դատախազությունը վստահ է, որ Էփշթեյնը 2002-2005 թվականներին կազմակերպել է Նյու Յորքի Մանհեթենի շրջանում գտնվող իր տուն տասնյակ անչափահաս աղջիկների այցելություն, որոնցից ամենափոքրը 14 տարեկան է եղել: Նա նրանց նկատմամբ սեքսուալ ոտնձգություն եւ բռնություն է կատարել: Նա աղջիկներին վճարել է եւ ստիպել իր մոտ երել իրենց այլ հասակակիցների: Միլիարդատիրոջը կարող է սպառնալ մինչեւ 45 տարվա բանտարկություն, եթե նրան մեղավոր ճանաչեն:
Պարբերականը նշում է, որ 2007-2008 թվականներին Էփշթեյնն արդեն եղել է աղմկահարույց դատավարության մասնակից: Այդ ժամանակ նրան համանման գործողությունների մեջ էին դատապարտում Ֆլորիդա նահանգում: Վերջնարդյունքում նա քննության հետ գործարք էր կնքել, եւ իրեն մեղավոր էր ճանաչել պակաս ծանր հանցագործության կատարման մեջ՝ անչափահասներին մարմնավաճառությամբ զբաղվելուն ներգրավելը: Նա բանտում էր անցկացրել մոտ 13 ամիս: Նրան թույլատրվում էր պարբերաբար լքել ուղղիչ հաստատությունը:
Պարբերականը նշում է, որ Էփշթեյնն անցյալում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաեւ ԱՄՆ նախկին առաջնորդ Բիլ Քլինթոնին լավ ճանաչում էր: Քլինթոնը քանիցս թռչել է միլիարդատիրոջ մասնավոր օդանավով, արձանագրում է պարբերականը: 2002 թվականին Թրամփը New York Magazine ամսագրի հետ զրույցում Էփշթեյնին «հոյակապ տղա» է անվանել, ում հետ «անչափ ուրախ» է: Կիրակի լրագրողները ԱՄՆ նախագահին խնդրել են մեկնաբանել Էփշթեյնի կալանավորման մասին տեղեկությունը: Թրամփը պատասխանել է, թե այդ մասին ոչ մի բան չի լսել:
Պարբերականի տեղեկություններով՝ 2008 թվականին քննության հետ Էփշթեյնի գործարքին առնչվող գաղտնի խորհրդատվություններին մասնակցել է Ալեքսանդր Ակոստան: Նա նախկիում եղել է Ֆլորիդա նահանգի Հարավային շրջանի դատախազը, իսկ հիմա ԱՄՆ աշխատանքի նախարարն է:




























