ՀՀԿ–ում մենք տարիներ շարունակ ամեն ինչ արել ենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հետ գցելու համար։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի նախկին ՀՀԿ–ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։
«Երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, որոշակի պարտավորվածություններ կային, այդ թվում՝ այս կոնվենցիան։ Մենք տարիներ շարունակ ամեն ինչ արել ենք Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հետ գցելու համար, մենք ասել ենք, որ այդ կոնվենցիան մեր ազգային հոգեկերտվածքին, մենթալիտետին չի համապատասխանում, 2018 թվականի փետրվարին մենք պետք է վավերացնեինք, մենք խմբակցությունում միտումնավոր քվորում չենք ապահովել, որ այն չվավերացվի»,–նշեց նա։
Մարգարիտ Եսայանը շեշտեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ժողովրդի կամքով է եկել իշխանության, խաբում է ժողովրդին. «Նա եկել է ԼԳԲՏ–ների, տարբեր կրոնական համայնքների դաբրոյով, գերտերությունների հանձնարարականներով։ Այս հանձնարարականներից է Ստամբուլյան կոնվենցիան։ ԱԺ իշխող խմբակցությունում շատ կան պատգամավորներ, որոնք իրենց սեռական կողմնորոշմամբ հայ ավանդական կողմնորոշմանը եւ, առհասարակ, Աստծու ստեղծած մարդկային կողմնորոշմանը հարիր չեն, եւ հենց իրենք էլ ամեն ինչ կանեն՝ վավերացումն իրականություն դարձնելու համար»։
Նրա համոզմամբ՝ այստեղ անելիք ունի հասարակությունը, քանի որ այս քայլերը հայկական գենոֆոնդի դեմ ուղղված քայլեր են։
Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է, որ վավերացվի Ստամբուլյան կոնվենցիան. «Եվրոպական մի քանի պետություններ մոտ 35 պետություն քրեականացրել են երեխային ապտակելը ծնողի կողմից, քանի որ Եվրոպայում եկել են այն եզրակացության, որ երեխային հնարավոր է դաստիարակել առանց ապտակի։ Ով ձեռք է բարձրացնում իր զավակի, իր ծնողի, իր ամուսնու վրա, պետք է իմանա, որ հանցանք է գործում»։





























