Երեւանի քաղաքապետարանի դիմացից բողոքի ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելը գեներալ-մայորի կոչում ստացած Ոստիկանության պետի առաջին «հաջող» քննությունն էր: Այս մասին հայտարարություն է տարածել «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Հայտարարությունում ասվում է. «Այսօր` 2019 թվականի հուլիսի 8-ին, մի խումբ քաղաքացիներ, ի նշան բողոքի Երեւան քաղաքում աղբահանության աղետալի վիճակի` տոպրակներով աղբ տեղափոխեցին Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Ի պատասխան քաղաքացիների իրավաչափ բողոքի` ՀՀ ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին (որոնց թվում` «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամների) բերման ենթարկեց ոստիկանության բաժանմունք:
Ոստիկանության բաժնում քաղաքացիներին հայտնել են, որ բերման են ենթարկել խուլիգանություն կատարելու համար, մինչդեռ այդ հատկանիշներով ոստիկանները քաղաքային իշխանության պաշտոնյաներին պետք է բերման ենթարկեին, որոնց մեղքով` արդեն տեւական ժամանակ մեր մայրաքաղաք Երեւանը, փողոցներն ու բակերը թաղված են աղբի ու գարշահոտության մեջ:
Տեղի ունեցածը վկայում է, որ ներկայիս քաղաքապետը ոչ միայն զլացել է իր անմիջական պարտականությունը եւ նախընտրական խոստումը («Մաքրելու ենք») կատարելուց, այլեւ որ` ՀՀ «հեղափոխական եւ ժողովրդավար» իշխանությունը շարունակում է նախկին ռեժիմի գործելակերպը` ոստիկանության միջոցով բերման է ենթարկում խաղաղ բողոքի ակցիայի մասնակիցների:
Ըստ էության` սա գեներալ-մայորի կոչում ստացած Ոստիկանության պետի առաջին «հաջող» քննությունն էր:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ապօրինաբար բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության գործունեությունը եւ պահանջում է անհապաղ ազատ արձակել նրանց, նաեւ հիշեցնում «թավշյա» կառավարությանը, որ մի օր գալու է սեփական ժողովրդին բազմաթիվ չիրականացված խոստումներով մոլորեցնելու համար պատասխան տալու ժամը»:
Նշենք, որ այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ աղբով լի տոպրակները Արշակունյաց փողոցի աղբամաններից տեղափոխել են Երեւանի քաղաքապետարան եւ լցրել շենքի մոտ, նաեւ դատարկել աղբը տեղում: Ոստիկանությունը ակցիայի մի խումբ մասնակիցների բերման է ենթարկել ոստիկանության կենտրոնականի բաժին:





























