Իսպանական մասնավոր պահպանության ձեռնարկությունը, որը պատասխանատու էր 2012-2017 թվականներին Լոնդոնում Էկվադորի դեսպանատան պաշտպանության համար, հետեւել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին, հայտնում է El Pais-ը:

Պարբերականը փաստաթղթերի, տեսանյութերի եւ ձայնագրությունների հասանելիություն է ստացել, որոնք ցույց են տալիս, որ Undercover Global S. L. ընկերության աշխատակիցները տեղեկություններ են հավաքել Ասանժի մասին, հատկապես նրա փաստաբաններին եւ օգնականներին առնչվող: Այսպես օբյեկտիվում են հայտնվել WikiLeaks-ի հիմնադրի տասնյակ հանդիպումներ իրավաբանների եւ այցելուների հետ, որոնց ժամանակ քննարկվել է պաշտպանության ռազմավարությունը:

Պարբերականի վարկածով՝ հայտնի է դարձել Ասանժի թիմի մի քանի գաղտնի ծրագրերի մասին՝ ուղղված նրան, որ նրան քողարկված հանեին դեսպանատան շենքից եւ օգնեին հայտնվել Ռուսաստանում կամ Կուբայում: Այս գաղտնի նախագծերն արդյունքում չեն իրականացվել իր՝ WikiLeaks-ի հիմնադրի մերժման պատճառով:

Undercover Global S. L.-ի աշխատակիցների գործունեությունը «հյուրին», ինչպես նրանք անվանում էին Ասանժին, հետեւելու առումով ինտենսիվացել է Էկվադորում Լենին Մորենոյի կառավարման ժամանակ: