ՊԵԿ-ն իր տեղեկատվական համակարգերով պատրաստ է, որ 2020թ.-ից անցում կատարենք եկամուտների համատարած հայտարարագրման: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մենք ունենք հարկային քաղաքականություն իրականացնող մարմին, որի հետ ունեցել ենք այս թեմայով նախնական քննարկում: Բոլորս գիտենք, որ որոշակի փոփոխություններ լինելու են, այդ թվում՝ եկամուտների համատարած հայտարարագրման ինստիտուտի կայացում, որը քննարկվում է տարբեր համատեքստերում. Օրինակ շահութահարկի համակարգի փոփոխության համատեքստում, դիվիդենտների հարկման հարցում էստոնական մոդելի կիրառման համատեքստում: Պատկերացրեք, շահութահարկի ինստիտուտը փոխարինվի դիվիդենտի հարկման ինստիտուտով, ներմուծվի պարտադիր աուդիտի նորմը եւ այլն: Պետք է կայանա, օրինակ, իրական շահառուների պետական գրանցման ինստիտուտը: Դրա հետ պետք է քննարկվի եկամուտների համատարած հայտարարագրումը գոնե առաջին փուլով դիվիդենտ ստացողների համար»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ըստ նրա՝ ՊԵԿ-ն այսօր էլ պատրաստ է 2020թ.-ին անցում կատարել այս համակարգին: «Տեխնիկապես դրան պատրաստ ենք, բայց իրավական առումով քայլեր ունենք անելու, այսինքն կոնսենսուս չունենք, թե որ ուղղությամբ ենք գնում»,-ընդգծեց Անանյանը:

Խոսելով ֆիզիկական անձանց փոխանցումների մասին, նա նշեց, որ այսօր էլ հարկվում են մարդիկ, ում արտերկրից գումար են ուղարկում, եթե դրանք ընտանիքի անդամները չեն. «Եթե ամուսինն աշխատում է, գումար է ուղարկում կնոջը՝ սա եկամուտների բաշխում է, ոչ թե եկամուտի ստացում: Բայց եթե երրորդ անձից են եկամուտ ստանում, այսօր էլ հարկման ենթակա են: Եթե ընտանեկան բաշխում չի, ստանում են երրորդ անձից, հարկվում են»,- ընդգծեց Դավիթ Անանյանը: