Հունաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթած «Նոր դեմոկրատիա» աջ կենտրոնական կուսակցության ձեւավորած կառավարությունը՝ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ, երեքշաբթի երդվել է նախագահական պալատում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ERT-ին։
Նոր կառավարության անդամների երդումն ընդունել է Հելլադայի ուղղափառ եկեղեցու հովվապետ, Աթենքի եւ համայն Հելլադայի արքեպիսկոպոս Իերոնիմը։ Նախարարները եւ նրանց տեղակալները երդվել են Ավետարանի վրա՝ հետեւել Սահմանադրությանը եւ երկրի օրենքներին եւ ծառայել հույն ժողովրդի շահերին։
Արարողությունը տեղի էր ունենում նախագահական պալատում՝ հունական պետության ղեկավար Պրոկոպիս Պավլոպուլոսի ներկայությամբ։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը նման երդում տվել էր երկուշաբթի։ Նույն օրը երեկոյան հայտարարվել է նոր կաբինետի կազմը, որում, վարչապետից բացի, մտել է 50 մարդ՝ 18 նախարար, երկու առաջին փոխնախարար եւ 30 փոխնախարար։ Կառավարության փոխնախագահ է դարձել իրավաբան Պանայոտիս Պիկրամենոսը, որը 2012-ին նշանակվել էր նախարարների կաբինետի ժամանակավոր ղեկավար՝ խորհրդարանական ընտրությունների անցկացման նպատակով։





























