ՀՀ գլխավոր դատախազությունը 14-ից մինչեւ 35 տարեկան բոլոր երիտասարդներին, այդ թվում՝ առանձին հեղինակներին, ստեղծագործական խմբերին, ուսումնական հաստատություններին սիրով հրավիրում է մասնակցելու «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով սոցիալական հակակոռուպցիոն գովազդի երիտասարդական նոր մրցույթին:

Հիշեցնենք՝ նախորդ տարի կայացած նույնանուն միջազգային մրցույթում ՀՀ ներկայացուցիչը ճանաչվել էր երրորդ մրցանակակիր: 

Մրցույթի շրջանակներում նշված տարիքային եւ խմբին պատկանող անձինք կամ խմբերը պետք է որպես հակակոռուպցիոն սոցիալական գովազդ, «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով պատրաստեն պաստառներ եւ տեսանյութեր եւ մինչեւ 2019թ. հոկտեմբերի 1-ը ուղարկեն www.anticorruption.life պաշտոնական կայքի կարգավորումներով:

 Մրցույթի մասնակցության պայմաններին, ներկայացվելիք աշխատանքների ձեւաչափին, անցկացման ընթացակարգին, հեղինակային իրավունքներին վերաբերող կարգավորումներին կարելի է ծանոթանալ ինչպես վերոնշյալ հղմամբ` «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային մրցույթի կայքում, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում: 

Մրցույթն ունի միջազգային ընդգրկում, որն անցկացվում է ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում: Հիմնական կազմակերպիչը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը, իսկ որպես համակազմակերպիչներ են հանդիսանում ՀՀ գլխավոր դատախազությունը, Բելառուսի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, ինչպես նաեւ BRICS-ի անդամ հանդիսացող երկրների՝ Հնդկաստանի. Բրազիլիայի, ՉԺՀ-ի, Հարավաֆրիկյան Հանրապետության՝ կոռուպցիայի հակազդման լիազորություններով օժտված կառույցները: Այսինքն մրցույթը նույն կանոններով անցկացվելու է նաեւ նշված երկրներում:

Մրցույթին ներկայացվող աշխատանքներում՝ պաստառներում եւ տեսահոլովակներում, պետք է յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ եւ տպավորիչ կերպով արտացոլվեն հեղինակների պատկերացումները կոռուպցիայի՝ իբրեւ անհանդուրժելի սոցիալական, հասարակական երեւույթի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսեւորումների եւ բացասական հետեւանքների, այդ չարիքի դեմ պայքարում իրավապահ մարմիններից հիմնական ակնկալիքների ու պահանջների, ինչպես նաեւ այս ոլորտում միջազգային համագործակցության շուրջ:

Մրցույթի նպատակն է հատկապես երիտասարության ներգրավմամբ հանրության շրջանում տարածել եւ ամրապնդել կոռուպցիոն ցանկացած երեւույթ մերժելու, դրա դեմ անզիջում պայքարելու եւ այդ հարցում միասնականություն հանդես բերելու գաղափարները:

Մրցույթը բաղկացած է երկու փուլից՝ կիսաեզրափակիչ եւ եզրափակից, եւ  անցկացվում է երկու անվանակարգերում՝ «Լավագույն պաստառ» եւ «Լավագույն տեսահոլովակ»:

Առաջին փուլում ազգային ժյուրին հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հայաստանյան մասնակիցների կողմից ներկայացված աշխատանքներից յուրաքանչյուր անվանակարգում կընտրի լավագույն երեքը, որոնց հեղինակները կարժանանան խրախուսական մրցանակների: Նման ընթացակարգով իրենց մրցանակակիրներին կընտեն նաեւ համակազմակերպիչ մյուս երկրների ազգային ժյուրիները: Այնուհետեւ անվանակարգերում լավագույն երեք  աշխատանքները կներկայացվեն միջազգային ժյուրիին, որը կազմված համակազմակերպիչ երկրների  ներկայացուցիչներից, որն էլ նոյեմբերի 1-ից 15-ին կամփոփի բոլոր երկրներից ներկայացված աշխատանքներից լավագույնների ընտրության վերջնական արդյունքները, եւ դեկտեմբերին, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, Մոսկվայում կանցկացվի հաղթողների մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: