Brexit-ից հետո Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բրիտանա-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը չեղարկվել է Լոնդոնի եւ Վաշինգտոնի հարաբերությունների լարվածության սրման ֆոնին՝ կապված ԱՄՆ-ում բրիտանացի դեսպան Քիմ Դերոքի դիվանագիտական հաղորդագրությունների արտահոսքի շուրջ սկանդալի հետ, հայտնում է The Independent-ը։
ԱՄՆ ֆինանսների նախարարության ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ իր գերատեսչությունը ներկայումս աշխատում է երկկողմ երկխոսությունն այլ օր տեղափոխելու ուղղությամբ, բայց դրա հետ մեկտեղ չի պարզաբանել ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսի եւ Միացյալ Թագավորության արտաքին առեւտրի նախարար Լիամ Ֆոքսի հանդիպումը չեղարկելու պատճառը։ Վերջինը հիմա Վաշինգտոնում է, որտեղ ժամանելու նպատակը նաեւ ԱՄՆ նախագահի դուստր Իվանկա Թրամփից ներողություն խնդրելն է՝ կապված Մեծ Բրիտանիայի դեսպանի շուրջ սկանդալի հետ։
Կողմերի առեւտրային երկխոսությունը կոչված էր նպաստելու Վաշինգտոնի եւ Լոնդոնի, այսպես կոչված, «հատուկ հարաբերությունների» հետագա ամրապնդմանը։ Սակայն այն խափանվել է, չնայած անգամ նրան, որ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը նախապես հասկացրել է, որ Դերոքը չի մասնակցի բանակցություններիր նախատեսված փուլին։
Երեքշաբթի Դոնալդ Թրամփը քննադատել էր ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Twitter-յան իր էջում դիվանագետին անվանելով «պարծենկոտ հիմար»։ Բրիտանացի դեսպանի վրա ԱՄՆ նախագահի կոշտ հարձակումների պատճառը հուլիսի 6-ին Daily Mail-ում հրապարակված հաղորդագրություններից հատվածներն էին, որոնք Դերոքն ուղարկել էր իր ղեկավարությանը։ Դրանցում Սպիտակ տան ղեկավարի եւ նրա թիմի վերաբերյալ մեծ թվով ոչ սիրալիր բնութագրումներ կային. Թրամփի վարչակազմին դեսպանն անվանել էր ոչ բանիմաց եւ անօգնական, իսկ իր՝ նախագահի համար կարիերայի խայտառակ ավարտ էր կանխատեսել։ Դերոքն անգամ հնարավոր էր համարել այն, որ «ռուսաստանցի ֆինանսիստները» Թրամփին կամ նրա ընտանիքի անդամներին պարտքով փող են տվել։
Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ Վաշինգտոնն այլեւս Դերոքի հետ գործ չի ունենա, ինչպես նաեւ քննադատել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին։ Լոնդոնում, իրենց հերթին, ափսոսանք էին հայտնել դիվանագիտական նամակագրության արտահոսքի կապակցությամբ եւ հանդես էին եկել դեսպանի աջակցությամբ՝ նշելով, որ նա վայելում է կառավարության ղեկավարի լիակատար վստահությունը։




























