Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որեւէ միջուկային վտանգ չկա: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ատոմակայանից եւ այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝

- Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որեւէ միջուկային վտանգ չկա:

- Երեւանի ջերմաէլեկտրակենտրոնն եւ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռեւս անհասկանալի զուգադիպությամբ):

- Մեծ հաշվով, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք կարող են ապահովել հանրապետության պահանջների մոտ 30-40 տոկոսը: Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, եւս, կարծես, աշխատում է»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ժամը 12.30-ից էլեկտրականության խափանումներ են հանրապետության տարածքում: Հանրապետությունում համատարած հոսանքազրկումների հետեւանքով Երեւանի փողոցներում խցանումներ են առաջացել: Խաչմերուկներում չեն գործում լուսացույցները, ինչի հետեւանքով անկառավարելի վիճակ է առաջացել փողոցներում:

Այս առնչությամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է. «Ունենք վթար էներգետիկ համակարգում։ Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը անջատված են։ Հանրապետությունով մեկ հնարավոր են անջատումներ։ Աշխատանքներ են տարվում, որպեսզի խնդիրը մինչեւ երեկոյան ժամը 7-ը կարգավորվի»: